Հունվարի 16-ին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելեցին «Մեգերյան Կարպետ» ընկերությանը պատկանող գործարան: Այցելության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու գորգերի արտադրման ողջ գործընթացին՝ թելերի ստացումից, ներկումից սկսած, մինչև գորգերի գործումն ու մշակումը: Նախ հյուրերին ուղեկցեցին թելերի ներկման արտադրամաս, որտեղ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես են ընկերության փորձառու մասնագետները հայկական լեռնաշխարհից հավաքված  ծաղիկներից և այլ բնական նյութերից ստանում բնական գույներ, որոնք հետագայում օգտագործվում են թելերի ներկման համար: Այնուհետև հյուրերը գնացին գորգերի գործման արտադրամաս, ծանոթացան ընկերության աշխատակիցների հետ և  մասնակցեցին  հայկական գորգերի հանգույցների ստեղծամ ընթացքին: Ամերիկացի հյուրերը մեծ հետաքրքրությամբ դիտում էին, թե ինչպես են թելերը դառնում հանգուցներ մեր արհեստավարժ ու շատ արագագործ աշխատակիցների ձեռքերում, և ապա ինչպես են հանգույցները կրկնապատկվում, եռապատկվում, դառնում հազարներ ու միլիոններ, ու ծնվում են արվեստի յուրօրինակ գործեր հանդիսացող հայկական գորգերը: Այնուհետև հյուրերին ուղեկցեցին գորգերի ցուցասրահ, որտեղ նրանք տեսան արդեն պատրաստի հազարավոր գորգեր, ծանոթացան Մեգերյանների պատմությանը, հայկական գորգագործական ավանդույթին, դիզայնի ավանդական ու ժամանակակից ոճավորումներին և այլն: Միջոցառման ավարտին հյուրերն ընբոշխնեցին հայկական գինի և հայկական ավանդական խոհանոցի  փոքրիկ հյուրասիրություն: Ներկաները  բարձր գնահատեցին հայկական մշակույթի  այս յուրօրինակ արժեքներն ու ավանդույթները պահպանող  ընկերության աշխատանքը: