Մեգերյան Կարպետը, որը նվիրված է հայկական գորգագործության ավանդույթների պահպանմանն ու
նորարարությանը, հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում: Սկսելով միայն հին գորգերի վերանորոգումից և
վաճառքից` Մեգերյան ընտանիքն ընդլայնելով իր գործունեությունը, սկսում է զբաղվել նաև ձեռագործ գորգերի
արտադրությամբ: Այսպիսով, ընկերությունն 1970-ականներին իր առաջին գործարաններից է հիմնում Եգիպտոսում,
ապա նաև` Պակիստանում, Աֆղանստանում, Ռումինիայում, Չինաստանում և Հնդկաստանում:
Հետագայում` 2000-ականներին, Մեգերյան ընտանիքը վերադառնալով Հայաստան՝ երկրի պատմական
գորգագործությունը վերականգնելու և զարգացնելու առաքելությամբ` գնում է “Հայ Գորգ” գորգարտադրության
գործարանները: Արդյունքում` Հայաստանում վերականգնվում է հին հայկական գորգագործության տեխնիկան`
կրկնակի հանգույցներով գործելը, որը հայտնի է իր ամրությամբ և երկարակեցությամբ:
Այսօր Մեգերյան Կարպետը շարունակում է իր ժառանգությունն՝ առաջարկելով ոչ միայն բարձրորակ ձեռագործ
գորգեր, այլև մշակութային և կրթական փորձառություններ: Մշակութային կենտրոնում գործում է արտադրամաս, որը
պահպանում է հայկական գորգագործության լավագույն ավանդույթները:
Բացի այդ կա նաև թանգարան, որտեղ ցուցադրված են հին, եզակի գորգեր, որոնցից մի քանիսն ավելի քան 400
տարվա վաղեմություն ունեն:
Սակայն ցուցասրահում այցելուները կարող են ոչ միայն շրջել, այլև գնել հայկական ազգային մոտիվներով գորգեր,
զարդեր, շարֆեր և այլն, իսկ մշակութային կենտրոնի միջոցառումների սրահում պատբերաբար կազմակերպվում են
ցուցահանդեսներ, վարպետաց դասեր և այլ միջոցառումներ:
Մեգերյան Կարպետում գործում է նաև ռեստորան, որտեղ հայկական ավանդական ուտեստները, պատրաստված
հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի կողմից, հիանալի լրացնում են ձեր մշակութային և պատմական
փորձառությունը:
Այսպիսով, մշակութային կենտրոնը շարունակում է պահպանել և տարածել Հայաստանի հարուստ մշակութային
ժառանգությունը՝ ստեղծելով արվեստի գործեր, որոնք կապում են անցյալը ներկայի հետ։